Նախագահության առաջին օրը Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի վարչապետ նշանակեց 46-ամյա Էդուար Ֆիլիպին՝ Հավրի քաղաքապետին: Ելիսեյան պալատի ներկայացուցիչ Ալեքսի Կոլերը հայտարարեց. «Նախագահը որոշում է ընդունել Էդուար Ֆիլիպին վարչապետ նշանակել և հանձնարարել է նրան ձևավորել կառավարություն»: Ֆրանսիայի պատմության մեջ նախագահն առաջին անգամ վարչապետ նշանակեց ոչ իր կուսակցին: Գուցե այն պատճառով, որ մեծ ընտրություն չուներ՝ միայն մեկ տարի առաջ է ձևավորել իր «Առաջ» շարժումը, որը խորհրդարանում ոչ մի պատգամավոր չունի: Իսկ ո՞վ է Էդուար Ֆիլիպը: Դեռ Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտում ուսանելիս նա անդամակցել է սոցիալիստական կուսակցությանը և մասնակցել Միշել Ռոկառի քաղաքական արշավին, որ այն ժամանակ վարչապետն էր:
Հետո Ֆիլիպի քաղաքական հայացքները փոխվեցին՝ ուսումն ավարտելուց հետո նա սկսեց աշխատել Ֆրանսիայի պետական խորհրդում՝ զբաղվում էր պետական գնումներով: 2008-ին Էդուար Ֆիլիպն ընտրվեց Ծովափնյա Սենայի դեպարտամենտի գլխավոր խորհրդի անդամ Հավր-5 կանտոնից և 2010-ին դարձավ Հավրի քաղաքապետ: 2017-ի ընտրություններից առաջ Էդուար Ֆիլիպը Հանրապետական Ալեն Ժյուպեի մամլո քարտուղարն էր: Երբ Ժյուպեն չդարձավ Հանրապետականների նախագահի թեկնածու, նա աջակցեց Մակրոնին, թեպետ ավելի վաղ նրա մասին ասել էր. «Ո՞վ է Մակրոնը: Նրանց համար, ովքեր նրա իշխանության և բարեփոխումների հռետորաբանության տպավորության տակ են, նա կլինի Ջոն Քենեդու և Մենդես Ֆրանսի (Ֆրանսիայի վարչապետը 1950-ականներին) ապօրինի որդին: Բայց դա, կարծես, այդպես չէ: Առաջինը ավելի խարիզմատիկ էր, երկրորդը՝ ավելի սկզբունքային: Մյուսների համար նա կլինի Բրուտոս՝ Կեսարի որդեգիր»: Ո՞Ւմ «սպանեց» Մակրոնը և ո՞վ է նրան «սպանելու» քաղաքականության մեջ, հարցեր են, որոնց պատասխանը Ֆրանսիայի վարչապետը կամ տվել է Ֆրանսիայի նախագահին նշանակումից առաջ կամ խնդրել է մոռանալ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ֆրանսիայի որևէ նախագահ նաև իր պաշտոնակալության առաջին օրը պաշտոնական այց չէր կատարել, մինչդեռ Էմանուել Մակրոնը մեկնեց Գերմանիա: Եթե հիշում եք՝ վերջին հեռուստաբանավեճի ժամանակ Մարին լը Պենը հայտարարեց, որ ցանկացած դեպքում Ֆրանսիան կին նախագահ է ունենալու, եթե «Ազգային ճակատը» հաղթի՝ ինքը, եթե Մակրոնը հաղթի՝ Անգելա Մերկելը: Դա, իհարկե, մեծ չափազանցություն էր, բայց հստակ ակնարկ էր, որ Էմանուել Մակրոնը ԵՄ ջատագով է, ինչը նա չէր թաքցրել երբևէ: Մակրոնի այցը Բեռլին ցույց է տալիս ԵՄ երկու առաջատար երկրների միասնականությունը, միաժամանակ՝ Մակրոնի հաղթանակը հակաեվրոպացի Մարին լը Պենի նկատմամբ դադար է տալիս, բայց չի լուծում նրա խնդիրները:
Ընտրարշավի ժամանակ Էմանուել Մակրոնը պահանջում էր ԵՄ-ի բարեփոխում և առավել սերտ ինտեգրում եվրագոտում: Միասնական տարադրամ ունեն ԵՄ 19 երկրներ՝ 28-ից: Մակրոնն առաջարկում է անցնել միասնական բյուջեի և սահմանել եվրագոտու երկրների ֆինանսների նախարարի պաշտոն և այդ երկրների առանձին խորհրդարան: Գերմանիայի կառավարող կոալիցիան այս առաջարկների վերաբերյալ միասնական տեսակետ չունի: Տարբեր վերաբերմունք ունեն և ԵՄ մյուս պետությունները: Անգելա Մերկելն առաջինը ու ջերմորեն շնորհավորեց ԵՄ-ի ամրապնդման կողմնակից Էմանուել Մակրոնի հաղթանակը, ում հետ հանդիպել էր մարտին, երբ դեռ նախագահի թեկնածու էր: Եվրագոտու երկրների արագացված ինտեգրման Մակրոնի առաջարկների մասին նա զգուշավոր, ավելի շատ բացասական, քան դրական կարծիք ունի՝ կանցլերը հայտարարեց, որ առայժմ Գերմանիայի վարած քաղաքականությունը փոխելու պատճառ չի տեսնում: Այդ ծրագրերը ռեալիստական չի համարում և Եվրահանձնաժողովի անդամ, Մերկելի կողմնակից ՔԴԿ-ական Գյունտեր Էտինգերը: Մի քանի օր առաջ նա ասաց. «Եվրագոտու ֆինանսների նախարարի պաշտոնի ստեղծման գաղափարները երազանքներ են»: Մակրոնի գաղափարները ենթադրում են նաև ԵՄ հարավի՝ Հունաստանի, Իտալիայի, Պորտուգալիայի խնդիրների համար ֆինանսական պատասխանատվության բաշխում: «Այս գաղափարները բոլորովին ձեռնտու չեն հարուստ, բայց ժլատ Գերմանիային՝ եվրոպական նախագծի մյուս լոկոմոտիվին»՝ գրեց Politico.eu-ն: Ֆինանսների նախարար և Մերկելի կուսակից Վոլֆգանգ Շոյբլեն աջակցեց Մակրոնի եթե ոչ բոլոր գաղափարները, համենայն դեպս՝ եվրագոտու խորհրդարանի ստեղծումը: Մակրոնին կողմ է Գերմանիայի ԱԳ նախարար և ՍԴԿ-ի նախագահ Զիգմար Գաբրիելը: Գերմանիան Մակրոնից և նրա ապագա կառավարությունից ակնկալում է, որ նախ և առաջ լուծվեն Ֆրանսիայի տնտեսական խնդիրները՝ պետական ծախսերի կրճատում և «սոցիալիստական» աշխատանքային օրենսդրության ազատականացում: Մակրոնը խոստանում է այդ բարեփոխումները, բայց կկարողանա անել, թե ոչ, կպարզի միայն հունիսյան խորհրդարանական ընտրություններից հետո:
ԵՄ մյուս երկրները ավանդաբար տարբեր վերաբերմունք ունեն «երկու արագությամբ Եվրոպայի» գաղափարին, որի շարունակությունն են Մակրոնի գաղափարները: Լեհաստանը դեմ է երկու արագությամբ ինտեգրմանը, թեպետ չի շտապում զլոտին եվրոյով փոխել: Վարշավան զգուշանում է, որ ԵՄ-ում եվրագոտու միջուկի ձևավորումով կկորցնի իր ներգործության մասը ԵՄ ընդհանուր որոշումների վրա:
Իսպանիայի կառավարությունը օրերս Եվրահանձնաժողովին առաջարկեց եվրագոտու բարեփոխումներ, որ Մակրոնի առաջարկի հունով են գնում: Երկու արագություններով Եվրոպայի ստեղծման գաղափարը վաղուց է քննարկվում և սկզբունքորեն լիովին խելամիտ է: «Եվրոպական միջուկի» ձևավորումը հեռանկարում անխուսափելի է՝ պահպանելու համար ԵՄ-ն: Բայց սատանան մանրամասների մեջ է՝ չափազաց դժվար է «Մեծ Եվրամիության» և «եվրոպական միջուկի» ինստիտուտների փոխգործակցության բոլորի համար ընդունելի սկզբունքներ ու մեխանիզմներ գտնելը: Մակրոնի հաղթանակը հանեց ԵՄ-ի հեռակարի երկու-երեք տարվա անորոշության վտանգը: Մարին լը Պենը հաղթանակի դեպքում արագ կհաներ Ֆրանսիան ԵՄ-ից, բայց հետո կսկսվեր տարակարծությունների ու հետուառաջումների շրջան, երբ պարզ չէ, թե իրադարձությունները դեպի ուր են գնում: Մակրոնի հաղթանակը կայունացրեց իրավիճակը, բայց այդ ժամանակավոր կայունությունն օգտագործելու և բարեփոխումներ անելու համար պետք է ընդհանուր ռազմավարություն, որ դեռ չկա: Արգելակ են դառնում և ընտրական ցիկլերը՝ մինչև Ֆրանսիայի հունիսյան խորհրդարանական ընտրությունները և Գերմանիայի սեպտեմբերյան ընտրությունները Բունդեսթագում, լուրջ որոշումների ու լուրջ բարեփոխումների հույս ունենալ պետք չէ՝ գրում է BBC-ին: